Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ադրբեջանն ակտիվացնում է համագործակցությունը արևմտյան բլոկի սահմաններից դուրս գտնվող աշխարհաքաղաքական հիմնական խաղացողների հետ

Ադրբեջանն ակտիվացնում է համագործակցությունը արևմտյան բլոկի սահմաններից դուրս գտնվող աշխարհաքաղաքական հիմնական խաղացողների հետ
04.07.2024 | 12:36

Ադրբեջանի՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) շրջանակներում Չինաստանի հետ ռազմավարական գործընկերության մեջ մտնելու հռչակագիր ստորագրելը ցուցադրում է այդ պետության արտաքին քաղաքականության և տարածաշրջանային ազդեցության հետևյալ հիմնական ասպեկտները։

Նախ, այս հռչակագրի ստորագրումը վկայում է այն մասին, որ Ադրբեջանը ցանկանում է ինտեգրվել գլոբալ համատեքստին, որտեղ գերակշռում են ավանդաբար Արևմուտքին հակադրվող ուժերը, հատկապես Ռուսաստանը և Չինաստանը: Այս քայլն ընդգծում է Ադրբեջանի կողմից միջազգային հարաբերությունների դիվերսիֆիկացումը և նրա մտադրությունը՝ ակտիվացնել համագործակցությունը արևմտյան բլոկի սահմաններից դուրս գտնվող աշխարհաքաղաքական հիմնական խաղացողների հետ:

Երկրորդ՝ վերլուծելով հռչակագրի ստորագրումը որպես ավելի խորը ինտեգրման նախնական փուլ՝ կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը կարող է դիտարկել իր դիրքերը ԲՐԻԿՍ-ի երկրների շարքում ամրապնդելու հնարավորությունը, ինչն արտահայտում է իր ազդեցության ոլորտներն ու տնտեսական համագործակցությունն ընդլայնելու նրա ցանկությունը։

Երրորդ՝ տարածաշրջանային մակարդակով Ադրբեջանի կողմից 44-օրյա պատերազմի արդյունքների «կապիտալացումը» և 2023 թվականին Արցախում տեղի ունեցած ողբերգության, մասնավորապես՝ հայաթափման «մարսումը», դժբախտաբար, հանգեցրեց տարածաշրջանում նրա դերի և կարգավիճակի էական բարձրացմանը՝ միջազգային համատարած դատապարտման բացակայության պայմաններում, ինչը կարելի է մեկնաբանել որպես «միջազգային կուրության» դրսևորում։

Այս ամենը երկարատև և պրագմատիկ աշխատանքի արդյունք է, որը մեր ապաշնորհ, անգրագետ և ապազգային իշխանությունների հանցավոր անգործության և կամ համագործակցված հակապետական գործողությունների շղարշի ներքո իրագործում է Ադրբեջանի առաջնորդը, և ամենևին կապ չունի, թե Ադրբերջանն ինչպիսի միջազգային սատարում ուներ անցյալում և ունի ներկայում։ Մեզ համար կարևոր են մեր կարգավիճակի հետ կապված ողբերգական հետևությունները․ մեր երկիրը, ըստ էության, չի հանդիսանում տարածաշրջանային գործոն, չունի հակազդեցության ոչ միայն ներուժ, այլև՝ ռեֆլեքս, ավելին, Հայաստանը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, դե ֆակտո, գոյություն չունի։

Տարբեր, այդ թվում՝ միջազգային, մերձավոր-արևելյան և տարածաշրջանային դեպքեր ու իրադարձություններ են սպասվում (տեղի են ունենալու) մինչև այս տարվա նոյեմբեր, հետևաբար, մեզ համար հետհաշվարկը մինչև այս տարվա նոյեմբերն է․ կա՛մ մենք կհամախմբվենք ու կփորձենք տեր դառնալ մեր ճակատագրին, կա՛մ կվերանանք որպես պետություն՝ վտանգելով մեր ազգային գոյությունը։

Ամառային հանգիստը վայելելիս, հարգելի՛ հայրենակիցներ, խնդրում եմ ժամանակ հատկացնել՝ այս ուղղությամբ մտորելու։

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 12499

Մեկնաբանություններ